
293 դիտում
Նոր փոփոխություններ,որոնց պետք է տիրապետի տնօրենը
(Էմմա Առաքելյանի անդրադարձը)
Այս պահի դրությամբ ուսուցիչների աշխատանքին վերաբերող մի շարք կարևոր փոփոխություններ արդեն ուժի մեջ են մտել։ Դպրոցի տնօրենը հատկապես պետք է ուշադրություն դարձնի հետևյալին.
Փոխվել է ուսուցիչների հերթական ատեստավորման համակարգը։ 2026 թ. հունիսի 4-ի N 804-Ն որոշմամբ հերթական ատեստավորման կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Ատեստավորման շրջափուլն այժմ կապվում է ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման և նախորդ ատեստավորման արդյունքների հետ, իսկ գործընթացի մի զգալի մասը կատարվում է ԴԿՏՀ-ի մասնագիտական զարգացման ենթահամակարգում։
Հատկապես կարևոր է, որ ատեստավորման համապատասխան գիտելիքների ստուգման համար սահմանված է առնվազն 60% շեմ։ Որոշ դեպքերում չատեստավորված ուսուցիչը հաջորդ տարի կրկին ենթակա է ատեստավորման, իսկ կարգը սահմանում է նաև այն դեպքերը, երբ ուսուցիչը կարող է համարվել զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող։
Կամավոր ատեստավորման կանոններում ևս փոփոխություններ կան։ 2026 թ. հունվարի 22-ի N 87-Ն որոշմամբ հստակեցվել է կրկին կամավոր ատեստավորմանը մասնակցելու և հավելավճարի պահպանման մեխանիզմը։ Եթե ուսուցիչը կրկին մասնակցում է և ավելի բարձր արդյունք է ստանում, նոր արդյունքով սահմանվում է հավելավճարի նոր՝ հնգամյա ժամկետ։ Հավասար արդյունքի դեպքում ևս հավելավճարի հնգամյա նոր ժամկետ է սահմանվում, իսկ ավելի ցածր արդյունքի դեպքում նախկին հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով։
Հստակեցվել է ուսուցչի աշխատանքը դասերի ավարտից հետո։ Սա տնօրենի համար հատկապես կարևոր փոփոխություն է։ 2026 թ. հունիսի 4-ի N 782-Ն որոշմամբ ուսուցչի պաշտոնի նկարագրում ամրագրվել է, որ ուսումնական պարապմունքների ավարտից հետո ուսուցիչը շարունակում է իրականացնել աշխատանքային պարտականությունները հունիս ամսին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վերաքննությունների ժամանակ։ Տնօրենի որոշմամբ ուսուցիչները կարող են ներգրավվել ավարտական և պետական քննությունների, ստուգումների և վերաքննությունների կազմակերպմանը, այդ թվում՝ որպես հանձնաժողովի անդամ կամ վերաքննության ուսուցիչ։
Սա նշանակում է, որ «դասերն ավարտվեցին՝ ուսուցչի աշխատանքն էլ ավարտվեց» մոտեցումն իրավական առումով ճիշտ չէ։
Անվտանգության պահանջների պահպանումը դարձել է բոլոր համապատասխան աշխատողների պաշտոնային պարտականության մաս։ Նույն N 782-Ն որոշմամբ սահմանվել է, որ պաշտոնների անվանացանկով նախատեսված աշխատողները պարտավոր են պահպանել և կիրառել հանրակրթական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները՝ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. ապրիլի 8-ի N 07-Ն հրամանին համապատասխան։
Հետևաբար տնօրենը պետք է ոչ միայն ունենա դպրոցի անվտանգության փաստաթղթերը, այլև ուսուցիչներին իրազեկի նրանց կոնկրետ պարտականությունների մասին և վերահսկի դրանց կատարումը։
«Առողջ ապրելակերպ» դասավանդողի պահանջները հստակեցվել են։ Պաշտոնի նկարագրի փոփոխությամբ նախատեսվել է, որ առարկան կարող է դասավանդել համապատասխան պահանջներին բավարարող և տվյալ առարկայի դասավանդման ուղղությամբ համապատասխան վերապատրաստում անցած անձը, այդ թվում՝ համապատասխան պայմանների դեպքում հոգեբանի որակավորում ունեցող անձը։
2026–2027-ից նոր չափորոշիչը տարածվում է նաև 12-րդ դասարանի վրա։ Եթե մինչ այժմ այն ամբողջությամբ գործում էր 1–11-րդ դասարաններում, ապա 2026 թվականի սեպտեմբերից ներդրումն ընդգրկում է նաև 12-րդ դասարանը։
Դա նշանակում է, որ տնօրենը պետք է ապահովի, որպեսզի 12-րդ դասարանի ուսուցիչներն աշխատեն արդեն նոր չափորոշչային տրամաբանությամբ՝ վերջնարդյունք, կարողունակություն, համապատասխան գնահատում, ուսումնական ծրագրի և դասավանդման համապատասխանեցում։
Նախագծային ուսուցման դերը մեծանում է։ Չափորոշչային փոփոխություններով նախատեսվել է յուրաքանչյուր կիսամյակում առնվազն մեկ նախագծի իրականացման տրամաբանություն, ընդ որում՝ դրանցից առնվազն մեկը՝ բնագիտական ուղղվածության։
Տնօրենի խնդիրը այստեղ միայն «նախագիծ կա՞» ստուգելը չէ։ Անհրաժեշտ է վերահսկել՝ արդյոք այն իրական նախագիծ է՝ խնդրի ձևակերպմամբ, հետազոտությամբ, սովորողների ինքնուրույն աշխատանքով և վերջնական արդյունքով, թե պարզապես ձևական միջոցառում։
Ավագ դպրոցում մեծանում է անհատականացման հնարավորությունը։ Փոփոխված չափորոշիչը դպրոցներին ավելի ճկուն հնարավորություն է տալիս ձևավորելու ուսումնական պլանը՝ պետական պարտադիր, դպրոցական և անհատական բաղադրիչների շրջանակում։ 12-րդ դասարանում որոշ դեպքերում ավարտական կամ միասնական քննությունները դրական հանձնած սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինվել նախագծային, հետազոտական և կամավորական գործունեությամբ։
Առարկայական չափորոշիչներն էլ են թարմացվում։ Օրինակ՝ 2026 թ. հուլիսի 28-ին նոր խմբագրությամբ են հաստատվել «Մաթեմատիկա» առարկայի 1–12-րդ և «Ֆիզիկա» առարկայի 7–12-րդ դասարանների չափորոշիչները։
Ուստի տնօրենը պետք է ուսումնական տարվա սկզբին մեթոդական միավորումներին հանձնարարի աշխատել ոչ թե նախորդ տարվա պահպանված ֆայլերով, այլ ստուգել գործող՝ վերջին խմբագրությամբ առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը։
Ուսուցչի և տնօրենի աշխատանքն ավելի շատ է տեղափոխվում թվային կառավարման դաշտ։ Հերթական ատեստավորման տվյալները, մասնագիտական զարգացման շրջափուլը և համապատասխան նշումները ձևավորվում կամ արտացոլվում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում։ Ուսուցչի ատեստավորված լինելու տվյալը ևս ինքնաշխատ արտացոլվում է նրա էլեկտրոնային անձնական գործում։
Տնօրենը մինչև 2026–2027 ուստարվա մեկնարկը գործնականում պետք է ստուգի
դասաբաշխումը և ուսուցիչների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, հերթական ու կամավոր ատեստավորման կարգավիճակը, ԴԿՏՀ-ի տվյալները, նոր առարկայական չափորոշիչներով աշխատանքը, նախագծային ուսուցման կազմակերպումը, 12-րդ դասարանի նոր չափորոշչային պահանջները, «Առողջ ապրելակերպ» դասավանդողների վերապատրաստումը, անվտանգության նոր չափանիշներին ուսուցիչների իրազեկվածությունը և հունիսյան/քննական ժամանակահատվածում ուսուցիչների աշխատանքային պարտականությունների ճիշտ կազմակերպումը։
Եվ թող որ նոր ուսումնական տարին ավելի լավը լինի։